ԷԴ ՀՈՂԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԵՏ ՎԵՐՑՆԵՆՔ. ՍՅՈՒՆԵՑԻՆ ԻՆՔՆ ԻՐ ՀՈՂԸ ՉԻ ԹՈՂՆԻ ՈՒ ՉԻ ԳՆԱ ՈՒՐԻՇ ՏԵՂ. ԽՆՁ. ԳՅՈՒՂԱՊԵՏ


Ես ասել եմ, որ քաղաքականությամբ չեմ զբաղվել ու չեմ զբաղվում, ինձ համար մեկ է՝ երկրի ղեկավարն ով է, որովհետև այսքան ժամանակ ոչ մեկից ոչ մի բան չեմ տեսել: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Սյունիքի մարզի Խնձորեսկի գյուղապետ Երվանդ Մալունցը՝ անդրադառնալով նրան, որ Սյունիքի համայնքները պահանջում են վարչապետի հրաժարականը:
Հարցին, թե ինքը բացառո՞ւմ է, որ քաղաքական դրդապատճառներով են պահանջում վարչապետի հրաժարականը՝ հաշվի առնելով, որ միայն Սյունիքի համայնքներն են այսպիսի հարց դրել, հնարավո՞ր է նախկին մարզպետներն են հրահրում, Մալունցը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ այստեղ հրահրելու կարիք կա, որովհետև խնդիրը մերն է, համայնքներինն է, բնակավայրերինն է: Այսօրվա դրությամբ սահմանի վրա ապրողն է խնդրի առջև կանգնած: Պետք է մեկը այդ խնդիրների մասին ասի՞, որ բոլորն իմանան, թե ինչ խնդիրներ կան»:
Անդրադառնալով գյուղի արոտավայրերի խնդրին, որոնք անցել են հակառակորդի տրամադրության տակ, գյուղապետն ասաց. «Էդ հողերը պետք է հետ վերցնենք, որ արոտավայրերի հարցը լուծվի, ու կարողանանք անասուններին պահել: Դրանք ազատագրված տարածքներն են Խնձորեսկին կից:
Սյունիքն, ընդհանուր առմամբ, նման խնդրի առաջ կանգնած է, ուրիշ մարզերից են գալիս անասուններին առնում տանում, հիմնականում եզդիներն են տանում: Դե, եթե հնարավոր լիներ մեզ մոտ պահել, հենա մեր ժողովուրդը կպահեր, չէր վաճառի: Արոտավայր չկա անասունը մեզ մոտ պահելու համար»:
Հարցին, թե բա ինչով են զբաղվելու խնձորեսկցիները, գյուղապետն արձագանքեց. «Հիմնականում երիտասարդները ինքնապաշտպանության են, պոստերում կանգնած են: Անասնատերերը վաճառում են անասուններին, այս տարի կերն էլ է խնդիր, կեր չկա, որ առնեն»:
Նա ընդգծեց, որ պետությունը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա որևէ աջակցություն չի ցուցաբերում. «Պետությունը ե՞րբ է աջակցել այս խնդիրներին, որ հիմա աջակցի: Մենք հիմա կանգնած ենք գյուղապետներով, համայնքի ղեկավարով, դրանից բարձր պետության ներկայացուցիչ չեմ տեսել, որ գա, տեսնի, թե ինչ խնդիրներ ունենք»:
Հարցին, թե արդյո՞ք այս իրավիճակում կարող է արտագաղթը մեծանա Սյունիքից, նման տրամադրություններ կա՞ն, Մալունցը պատասխանեց. «Ոչ, չեմ նկատում, որովհետև սյունեցին ինքն իր հողը չի թողնի ու չի գնա ուրիշ տեղ: Ընդհակառակը, հիմա ավելի պետք է համախմբվեն, կենտրոնանան ու պաշտպանեն Սյունիքը: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ դրսից գա բնակչությունը, տներ սարքեն, լավ բաներ անեն, երիտասարդները չթողնեն գնան: Ի՞նչ գնալու մասին է խոսքը»:



Комментарии